Մասսայական ներդրումային հարթակների հետևանքները (Հայկ Խեկոյան)

Հունվարի 11-ին ամերիկյան Gamestop ընկերության մասին միանշանակ ավելի քիչ մարդիկ էին լսել, քան այսօր: Հունվարի 11-ի դրությամբ Gamestop-ը մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ՝ ԱՄՆ տարբեր նահանգներում և մի քանի այլ երկրներում տեղակայված համակարգչային խաղերի և էլեկտրոնիկայի խանութների ցանց էր: Վերջին տարիներին Gamestop-ի գրանցած ֆինանսական տվյալներն այնքան էլ լավատեսական տրամադրություն չէին ստեղծում ներդրողների մոտ և բազում մասնագետներ կանխատեսում էին ընկերության բաժնետոմսերի գնի անկում: Օնլայն առևտրի տարածումը հատկապես պանդեմիայի ֆոնին զգալիորեն ազդել է ընկերության եկամուտի վրա: Մի քանի խոշոր ներդրումային կազմակերպություններ անգամ “խաղադրույք էին կատարել” Gamestop-ի բաժնետոմսերի գնի անկման վրա: Ֆինանսական շուկաներում խաղադրույքները, բնականաբար, կատարվում են հասարակ խաղադրույքներից տարբեր ձևով: Երբ ներդրողը կանխատեսում է, որ տվյալ արժեթղթի գինը մոտ ապագայում անկում է ապրելու, նա վաճառում է տվյալ արժեթուղթը, պարտավորվելով այն գնել որոշ ժամանակ անց, այսպիսով, եթե կանխատեսումն իրականանա և գինն իրոք իջնի, ներդրողը կունենա շահույթ յուրաքանչյուր վաճառված և հետո գնված արժեթղթի գնի անկման չափով:

Հունվարի 11-ին ընկերությունը հայտարարություն տարածեց վարչակազմում մի քանի փոփոխությունների մասին, որոնց արդյունքում լավատեսական ալիքի ազդեցության տակ մեկ բաժնետոմսի գինը աճեց 13%-ով մեկ օրվա ընթացքում: Այնուհետև աճը դարձավ ուղղակի անկառավարելի: Հունվարի 28-ին Gamestop-ը աշխարհի ամենաքննարկվող ընկերությունն էր, նրա բաժնետոմսերն աշխարհում ամենաակտիվ շրջանառվողը, իսկ ընկերության շուկայական արժեքը հասել էր 30 միլիարդի, այսինքն՝ մոտ 20 անգամ ավելի քան ընդամենը երկու շաբաթ առաջ: Այսպիսի թռիչքի հիմնական պատճառը Reddit սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր էին, որոնց միավորում էր այդ կայքի WallStreetBets խումբը: Այս խմբում մարդիկ քննարկում են արժեթղթերի շուկան, կանխատեսումներ անում, կամ տվյալ դեպքում համախմբվում մեկ նպատակի շուրջ: Տվյալ դեպքում դա Gamestop-ի անկումը կանխելն ու ընկերության դեմ կանխատեսումներ ունեցող ներդրումային ընկերություններին վնասելն էր: Խումբն իր նպատակը որոշ չափով իրագործեց: Երբ բաժնետոմսերի գինն աճում էր, դրանք վաճառած և գնել պարտավորված ներդրողները ստիպված էին գնել արդեն աճած նոր գնով, ինչով իրենք էլ արդեն նպաստում էին գնի հետագա բարձրացմանը: Սակայն այն նորամուծությունը, որը թույլ էր տվել հասարակ մարդկանց համախմբվել և գնալ Ուոլլ Սթրիթի պրոֆեսիոնալ ներդրողների դեմ, հանդես եկավ նաև նրանց կանգնեցնողի դերում: Խոսքը Robinhood-ի մասին է:

Robinhood կոչվող սմարտֆոնի հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատիրոջը իրականացնել բազմատեսակ գործարքներ, որոնք առաջ ի վիճակի էին կատարել միայն ներդրումային կազմակերպությունները: ԱՄՆ-ում ներկա պահին մեծ հանրայնություն վայելող այս ծրագիրը առանց միջնորդավճարի թույլ է տալիս գնել և վաճառել արժեթղթեր, իրականացնել ածանցյալ գործիքներով բարդ ֆինանսական գործարքներ և այլն: Reddit-յան այս ապստամբության հիմնական զենքը հենց Robinhood-ն էր, և Gamestop-ի բաժնետոմս գնողների մեծամասնությունը օգտվում էր հենց այդ հավելվածից: Պատճառաբանելով, որ ընկերության շուրջ վերջերս անկանխատեսելի զարգացումներն ու անորոշությունը գնալով շատանում են, Robinhood-ը ժամանակավորապես դադարեցրեց Gamestop-ի բաժնետոմսերի առքուվաճառքը, այնուհետև հասարակության կողմից ճնշման տակ վերադարձրեց այդ հնարավորությունը, սակայն խիստ սահմանափակ: Իսկ եզրագծից այն կողմ գտնվող ներդրումային կազմակերպությունների համար ոչ մի սահմանափակում չեղավ:

Նույնիսկ առանց Robinhood-ի սահմանափակումների, նման աճը անհնար կլիներ անվերջ շարունակել: Ի վերջո խոսքը գնում է իրական ընկերության մասին, որն ունի որոշակի ակտիվներ, անշարժ գույք, ապրանքանիշ և այլ բնութագրեր, որոնք էլ որոշում են ընկերության և հետևաբար մեկ բաժնետոմսի արժեքը: Ներկա պահին բաժնետոմսի գինը որոշ չափով կայունացել է 50 դոլարի մոտակայքում, ինչը մոտ 150%-ով ավելի է այս պատմության սկզբում եղած գնից: Գնորդների մեծամասնությունը վաճառեց իր բաժնեմասը սահմանափակումների պատճառով, իսկ ընկերության շուրջ առաջացած թոհուբոհը, կարծես թե, մարում է:

Gamestop-ն առաջին “փուչիկը” չէ ֆինանսների աշխարհում: 90-ականների վերջում տեղի ունեցած ինտերնետային մոլուցքը (dotcom bubble) և ԱՄՆ անշարժ գույքի շուկայում 2000-ականների “փուչիկը”, որը հանգեցրեց 2007-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամին ամենաթարմն են բոլորիս հիշողության մեջ: Թերևս  ամենաիռացիոնալ մոլուցքը 1630-ականներին վարդակակաչի մոլուցքն էր Հոլանդիայում, որի ժամանակ վարդակակաչի մեկ թերթիկը փոխանակվում էր մեծ հողատարածքների հետ, իսկ որոշ տեսակների թերթիկներն արժեին նույնը, ինչ մի քանի առանձնատուն:

Նմանատիպ դեպքեր պատմության մեջ շատ են, երբեմն դրանք կրում են նաև համաշխարհային բնույթ և խորը ճգնաժամի մեջ ներքաշում երկրներ կամ նույնիսկ ամբողջ աշխարհը: Gamestop-ի առանձնահատկությունը հասարակության վերաբերմունքն է: Կարծիքներ են հնչում, որ սա ավելի լայնամաշտաբ ապստամբության սկիզբ է, արժեթղթերի շուկայի ազատագրման և ժողովրդավարացման գործում մեծ քայլ: Սակայն վերջնական արդյունքը ցույց տվեց, որ առայժմ այդ ազատագրումն ու ժողովրդավարացումը հեռու են իրականությունից, և մի գուցե օպտիմալ կլինի որ դրանք տեղի չունենան:

Անցյալ տարվա հունիսին վերոնշյալ Robinhood-ի 20-ամյա օգտատեր Ալեքսանդր Քիրնսը ինքնասպանություն էր գործել, տեսնելով իր հաշվին ավելի քան 730,000 դոլարի պարտք, որն իրականում ժամանակավոր բնույթ էր կրում և կվերածվեր տղայի իրական ունեցվածքին՝ 16,000 դոլար, երբ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում իր կատարած որոշ գործարքների փոխանցումներն ամբողջովին ավարտվեին: Տղան ինքն էլ իր թողած վերջին գրության մեջ բարձրացնում էր այն հարցը, թե ինչպես կարող էր 20‑ամյա գործազուրկ երիտասարդը գրեթե մեկ միլիոն դոլար պարտք ունենալ: Robinhood‑ն այս դեպքից հետո բազում միջոցառումներ ձեռնարկեց օգտատերերի շրջանում թյուրըմբռնումներից խուսափելու համար: Հնարավոր է, որ  Gamestop-ի շրջանառության վրա սահմանափակում դնելով Robinhood-ը փրկել է Ալեքսանդրի պես մի քանի երիտասարդների կյանքեր: Ի վերջո, ընկերության բաժնետոմսն իր բարձրագույն արժեքից գահավիժել է մոտ 90%-ով, իսկ նման անկայունությունը անսովոր է նույնիսկ ֆինանսական շուկաների վետերանների համար:

Ֆինանսական շուկաներում գործունեություն ծավալելու համար տարիների կրթություն և նախապատրաստում է անհրաժեշտ, ինչպես և կյանքի ցանկացած բնագավառում: Ոչ կոմպետենտ անձանց՝ անհամապատասխան իրավիճակում հայտնվելը լի է վտանգներով ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատի, ծայրահեղ դեպքում նաև հասարակության ավելի լայն շրջանակների համար: Այսպիսով հարց է ծագում. արդյո՞ք որոշ ոլորտների ազատագրման և ժողովրդավարացման ռիսկերն ու վտանգները չեն գերակշռում հնարավոր բարիքներին:

Հղումներ

https://edition.cnn.com/2021/01/30/business/gamestop-reddit-rebellion-explained/index.html

https://www.theguardian.com/business/2021/jan/27/gamestop-stock-market-retail-wall-street

https://www.britannica.com/event/Tulip-Mania

https://www.forbes.com/sites/sergeiklebnikov/2020/06/17/20-year-old-robinhood-customer-dies-by-suicide-after-seeing-a-730000-negative-balance/?sh=6601377b1638

https://www.theguardian.com/commentisfree/2021/feb/03/gamestop-platform-populism-uber-airbnb-wework-robinhood-democracy

Related posts

Բարեկեցության Տարբեր Ցուցանիշները (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

Անցումային գնաճը, որն այդպես էլ չանցավ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan

ԱՐԴՅՈՔ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ, ՔԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆԸ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ (Հայկ Խեկոյան)

Nelli Avetisyan